Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝ նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում: