Արմինֆո. Ռուսաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել միջազգային հակամարտությունների լուծմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ "Պրիմակովյան ընթերցումներ" համաժողովում։
Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ Ռուսաստանն օգնում է Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը՝ այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցվեց արյունահեղ պատերազմը։ Նա նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին եւ արձանագրել, որ այն անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ: "Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե բարձրաձայնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին սկսեն կողք-կողքի ապրել անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, մի երկու-երեք տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ", - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ընդ որում, Լավրովը կոչ է արել ուշադրությունը չկենտրոնացնել տարածաշրջանի երկրների, այդ թվում ՝ հակամարտության անմիջական մասնակից հարեւան երկրների մայրաքաղաքներից հնչող բազմաթիվ հայտարարությունների վրա: "Այնտեղ մեծապես գերիշխում են հույզերը: Կոչ ենք անում բոլորին նպաստել իրավիճակի հանդարտեցմանը և երկրի վրա գտնվողների խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք մեր խաղաղապահ զորակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով ակտիվորեն զբաղվում ենք դրանով", - ամփոփել է Լավրովը: