Արմինֆո. Ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի Երեւան եւ Բաքու այցերը պայմանավորված են Մոսկվայի՝ իր իսկ գործուն միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման խախտում թույլ չտալու ձգտումով: Քանի որ դրանց խախտումը էական հարված կհասցնի Ռուսաստանի հեղինակությանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
"Ընդ որում, Հայաստանի իր պաշտոնակից Արա Այվազյանի հետ հանդիպման արդյունքում Լավրովի երեւանյան հայտարարություններում հնչեցված որոշ շեշտադրումներ թույլ են տալիս խոսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրավիճակի որոշակի փոփոխության մասին: Մասնավորապես, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, և Եվրամիության քաղաքականության շնորհիվ, հայ գերիների հարցում Ադրբեջանին կոշտ քննադատության շնորհիվ, Մինսկի խմբի "վերադարձի" շնորհիվ, ինչպես Մոսկվան, այնպես էլ Բաքուն կրկին ստիպված են հաշվի նստել Երևանի կարծիքի հետ։ Այս ամենը հանգեցնում է այդ հարցի շուրջ փչող քամիների փոփոխության", - կարծում է նա։
Ըստ քաղաքագետի, Լավրովի կողմից ԵԱՀԿ ՄԽ հիշատակումը բացառապես լրագրողների հարցերին իր պատասխաններում, այլ ոչ երևանյան ասուլիսում նրա ելույթի ժամանակ, դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն առայժմ Մոսկվայի առաջնահերթությունների թվում չէ: Ընդ որում, Ռուսաստանն արդեն մեղմացրել է սեփական հռետորաբանությունն այս հարցում, ինչն արդեն դրական գործոն է։
Նման փոփոխությունները քաղաքագետը պայմանավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանը և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տարածաշրջանային վերադարձին դիմակայելու Ռուսաստանի անկարողությամբ։ Եվ չնայած ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Արցախի խնդրի քաղաքական կարգավորմանը Մոսկվայի անպատրաստ լինելուն, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների շփման հրապարակային մասը թույլ է տալիս խոսել այդ հարցում Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ որևէ ճնշման բացակայության մասին։
"Ռուսաստանը չի կարող անտեսել այն, որ Արցախի կարգավիճակը որոշելու անհրաժեշտության հարցը մասամբ արդեն շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Եվ կարգավիճակի հարցի քննարկումն արդեն փաստ է։ Սակայն մեզ անհրաժեշտ է հետևողականորեն և համառորեն ձգտել հասնելու կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսմանը նաեւ Մինսկի խմբի շրջանակներում։ Մոսկվան կարող է դրանից, այսպես ասենք, մեծ հիացմունք չզգալ, բայց չէ որ տարածաշրջանի նույն ապաշրջափակումը չի կարող իրականացվել մեր գերիներին Ադրբեջանում պահելու պայմաններում։ Եվ մենք այդ մասին պետք է հստակ եւ հետեւողականորեն հայտարարենք", - ամփոփել է Գրիգորյանը։