Արմինֆո. Տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ երկկողմ կապերի վերաբերյալ ձեր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրները պահանջում են ավելի հաճախակի շփումներ, որոնք տեղի են ունենում բոլոր մակարդակներում: Այդ մասին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
"Լիովին հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների կատարմանը՝ համաձայն երեք առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության եւ ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում ձեր առանձնազրույցի արդյունքների: Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է այն խնդիրները, որոնք դուք համաձայնեցրել եք այդ շփումների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարության հետ: Երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերակատարությունը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեզսի ամեն բան բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Հիմա պետք է զբաղվել մանրամասներով՝ "գետնի վրա", սահմանազատման ու սահմանագծման հարցերով։ Ամեն ինչ պարզ չէ, բայց լուծելի է։ Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ", - նշել է ռուս նախարարը։
Նա հավելել է, որ աշխատում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը։ "Ռուսաստանի ԱԻՆ-ը Ադրբեջանի գործընկերների հետ օգնում է լուծել հումանիտար հարցերը, վերականգնել տները, տրանսպորտային ենթակառուցվածքը։ Գործընթացը կա, մարդիկ պետք է զգան իրական բարելավումներ "գետնի վրա": Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում գործնական ասպեկտներ' կապված Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պետությունների ղեկավարների պայմանավորվածության հետ: Սա առնչվում է տարբեր երթուղիների շատ առարկայական համադրությանը: Եթե հաշվի առնենք հարավկովկասյան բոլոր պետությունների և նրանց հարևանների շահերի հավասարակշռության հասնելու անհրաժեշտությունը, իսկ դա պոտենցիալ լուրջ տրանսպորտային հանգույց է, որը տարածաշրջանային շրջանակներից հեռու նշանակություն կունենա, կասկած չկա, որ մենք կարող ենք էապես ամրապնդել մեր ընդհանուր դիրքերը ժամանակակից գլոբալ տնտեսության և լոգիստիկ շղթայի մեջ", - ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանում անկեղծորեն շահագրգռված են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ: "Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալուն ուղղված համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ շրջանակներ է ստեղծում։ Ցանկանում ենք օգնել առավելագույնս կառուցողական կերպով լուծել պատերազմի հումանիտար հետեւանքներին առնչվող ռազմագերիների, պատմական եւ կրոնական ժառանգության հետ չարաշահումներ թույլ չտալու հարցերը։ ՅՈՒՆԵՍԿՕ - ն՝ որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, շահագրգռված է այդ ջանքերով։ Պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն։ Կան նաեւ այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել։ Այդ առնչությամբ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն նաեւ շահագրգիռ կողմերի դիրքորոշումը", - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Եթե խոսենք հարաբերությունների ընդհանուր համատեքստի մասին, շարունակել Է Լավրովը, ապա այս փուլում, ինչպես ցանկացած այլ հակամարտության եւ հետկոնֆլիկտային իրավիճակում, կան ասպեկտներ, որոնք կապված են ներքաղաքական գործընթացների վրա կատարվող ամեն ինչի արտացոլման հետ: "Համամիտ եմ ձեզ հետ, որ հռետորաբանությունը, որը ոչ բարյացակամ բնույթ է կրում, չի օգնում ։ Ձգտելու ենք մեր ներդրումն ունենալ այն բանում, որ երկու նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն կառուցողական արդյունքին նպաստող պայմաններում ։ Կարծիքներ կփոխանակենք Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացների շուրջ։ Պատրաստ կլինենք ամեն կերպ խրախուսել մեր ընկերություններին մասնակցել վերականգնողական աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին: Քննարկենք տարածաշրջանային առավել լայն թեմատիկան, կասպյան խնդիրը՝ այն լուծումների հիման վրա, որոնք թույլ տվեցին ստորագրել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Մենք ծավալուն համատեղ գործունեություն ունենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում։ Ցանկանում եմ առանձին երախտագիտություն հայտնել Ձեզ ՝ որպես այն պետության ղեկավարի, որն այժմ նախագահում է Չմիավորման շարժումը, այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ստանալու մեր հայտին աջակցելու համար", - ամփոփել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: