Արմինֆո. ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, այլ ոչ թե կարգավորել այն։ Նախօրեին այդպիսի տեսակետ է ներկայացրել պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ առցանց սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Վաշինգտոնի "թուրքական ժառանգություն" ոչ կառավարական կազմակերպությունը։
"Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանությունների դժգոհության աճ այն առնչությամբ, որ ռուս խաղաղապահները, ինչպես երեւում է, Լեռնային Ղարաբաղում մնում են երկարաժամկետ հեռանկարով ", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Քենթ:
Ընդ որում, նա, բնութագրելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ըստ էության, մեղադրել Է Ռուսաստանին հակամարտությունը ձգձգելու ցանկության մեջ, ինչպես նաեւ վկայակոչել է Վրաստանի ԱԳ նախարարի անանուն տեղակալին: "Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկը նոյեմբերին հայտարարել էր. "Սա այն իրավիճակն է, որում մենք [Վրաստանը] գտնվում էինք 1998 թվականին։ Իսկ հետո Ադրբեջանը կհայտնվի այն իրավիճակում, որում մենք [Վրաստանը] գտնվում էինք 2008 թվականին, այնուհետեւ նա կհայտնվի այն իրավիճակում, որում մենք [Վրաստանը] գտնվում ենք այժմ", - նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը։ "Սա բավականին հոռետեսական, բայց, հնարավոր է, իրատեսական գնահատական է այն բանի, թե ինչպես է Ռուսաստանը մանիպուլյացիայի ենթարկում [Ղարաբաղում] հակամարտությունը սեփական շահն ստանալու համար և առանց իրականում խնդիրը կարգավորելու և երկրների [Հայաստանի և Ադրբեջանի] առաջընթաց թույլ տալու ձգտման", - կարծում է նա:
Քենտը, միաժամանակ, հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը: "Մենք բոլորս ողջունում ենք ռազմական գործողությունների ավարտը անցյալ տարվա նոյեմբերին, երբ [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը [հրադադարի] պայմաններ առաջ քաշեց", - ասել է նա:
Ամերիկացի դիվանագետի կարծիքով ՝ "անվտանգության առումով պահպանվում է խոշոր մարտահրավեր. ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը՝ այնպես, որ դա թույլ տա երկու երկրներին վերջնական կարգավիճակի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնել": "Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած ։ Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորման, ինչպես եղավ, երբ Հայաստանը, հնարավոր է, հաղթեց առաջին պատերազմում՝ քառորդ դար առաջ", - հայտարարել է Քենթը։
Նրա խոսքով ՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ "համանախագահների գործընթացի շրջանակներում, որը համատեղ վարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը": "Կարծում եմ, որ այս մեխանիզմի առջև ծառացած են որոշ մարտահրավերներ։ Արդյո՞ք կա իրական հետաքրքրություն, որպեսզի մենք շարունակենք",- նշել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա կարծիքով ՝ Մինսկի խումբը "առանցքային կմնա այնքանով, որքանով իրենք՝ երկու երկրները, պատրաստ են լիազորել համաձայնության հասնելու աջակցելու մեխանիզմը":
"Մեկ այլ բաց հարց է մնում Ռուսաստանի մտադրությունը", - կարծում է Քենտը: "Նա (Ռուսաստանը) որոշել է Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով չհասնել հրադադարի պայմանների համաձայնեցմանը ։ Նա դա ապահովել է ուղղակի եռակողմ ձևաչափով", - ասել է դիվանագետը ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին եւ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը, եթե դրանում շահագրգռված են Բաքուն եւ Երեւանը: "Այնքանով, որքանով Հայաստանը եւ Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը եւ Մինսկի խմբի համանախագահների գործընթացի լիազորությունների օգտագործմանը, ԱՄՆ - ն պատրաստ է օգնել երկու երկրներին առաջ գնալու ճանապարհ գտնել եւ հանձնառու է դրան", - հայտարարել Է պետքարտուղարի օգնականի տեղակալը:
Բացի այդ, նա կանխատեսել է, որ "դա պոտենցիալ կերպով այլ բարենպաստ հնարավորություններ է բացում", ներառյալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումը ապագայում: Սակայն նման բան "հնարավոր է ոչ այս ամիս, ոչ այս տարի", այլ միայն հեռավոր հեռանկարում, խոստովանել է Քենտը: