Արմինֆո. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից սենատոր, Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը (Դեմոկրատական կուսակցություն) Ջո Բայդեն վարչակազմից պահանջել է միանալ Կոնգրեսին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Իր պահանջում, որը նա հնչեցրել Է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Վենդի Շերմանի հաստատման գործընթացի ժամանակ, սենատորը ԱՄՆ վարչակազմից պահանջել է նաեւ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ: "Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը։ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է այն ։ Անցյալ տարի հպարտ էի միանալ այդ որոշմանը։ Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն էլ անի այն, ինչ արեց Կոնգրեսը։ Եկեք պատմության փաստերը անվանենք իրենց անուններով", - հայտարարել Է Բոբ Մենենդեսը, հավելելով, որ Սենատում իր գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել՝ նախագահ Բայդենին համատեղ դիմելու համար։
"Անկախ այն բանից, թե արդյոք ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կպահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին, սենատոր Մենենդեսը ԱՄՆ - ում մեր շահերը, ինչպես նաեւ մեր ամերիկյան արժեքները արդյունավետ առաջ մղող սկզբունքային, ուժեղ եւ կայուն կողմնակիցն է", - ասել է "Հայ Դատի" Ազգային խորհրդի անդամ Անի Չագլասյանը: Նա շնորհակալություն հայտնեց Բոբ Մենենդեսին հայ համայնքի եւ կոալիցիոն գործընկերների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող հարցերում նրա դիրքորոշման համար: