Արմինֆո. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել Սյունիքի մարզի Որոտան գյուղի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները:
Մարտի 5-ին "Եռաբլուր" պանթեոնում անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀ ՊՆ-ում պարզել են՝ ինչ ինժեներական աշխատանքներ են իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը համայնքի հարակից տարածքներում, փոխնախարարը, մասնավորապես, ասել է. "Այդ մասին ուրիշ օր կխոսենք։ Կա Սյունիքի մարզի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որի շրջանակներում մենք պատշաճ տեղեկատվություն կտրամադրենք ։ Սյունեցիներն անհանգստանալու ոչ մի առիթ չունեն"։
Հիշեցնենք, որ դեռ մարտի 3-ին Սյունիքի պաշտոնատար անձինք Facebook-ի իրենց էջերում ահազանգել են, որ ադրբեջանցիները Որոտան համայնքում խրամատներ են փորում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, իրենց հերթին, հավաստիացրել են, որ մտահոգվելու առիթ չկա, իրավիճակը վերահսկվում է սահմանապահ զորքերի կողմից: "Ադրբեջանական կողմն իր դիրքերում աշխատանքներ է տանում անվտանգության ապահովման ուղղությամբ", - հայտարարել են գերատեսչությունում:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սյունիքի մարզի Որոտան գյուղի որոշ տարածքներ անցել են Ադրբեջանին: