Արմինֆո.Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնի արթ-տարածքում տեղի է ունեցել լեգենդար "Արարատ" կոնյակի նորացված շարքի շնորհանդեսը:
Ինչպես հաղորդում Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, միջոցառումը տեղի է ունեցել ի շարունակություն հայկական արտադրության ներկայացման, Ռուսաստանում մեր երկրի տնտեսական ոլորտի ձեռքբերումների եւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման նախաձեռնությունների:
Հաղորդագրության համաձայն, "Pernod Ricard" ընկերությունը միջոցառման շրջանակներում հյուրերին ներկայացրել է բրենդի նոր դիզայնը և փիլիսոփայությունը: Առանձին ուշադրություն է դարձվել "Aznavour" կոնյակին և "Էրեբունի" էքսկլյուզիվ ապրանքանիշին։
Հյուրերի թվում էին Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, ռուս գործարարներ, ՌԴ-ում դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և ճյուղային լրագրողներ։
Մշակութային կենտրոնի արթ-տարածքը 2018 թվականից ծառայում է որպես ցուցադրական հարթակ Ռուսաստանում հայկական արտադրանքի ներկայացման, երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև հանդիպումների և տարբեր միջոցառումների անցկացման համար ՝ Ռուսաստանում և միջազգային մակարդակով հայկական ապրանքների առաջմղման նպատակով: