Արմինֆո. Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահանջներ ներկայացնել Մոսկովյան և Կարսի պայմանագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են բոլշևիկները։ Այդ մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ "Կարելի է որքան ասես վերլուծել եւ ապացուցել այն ժամանակվա Ռուսաստանի իշխանության ոչ կոմպետենտությունը, պատմական մեղքը կամ անհեռատեսությունը, ինչպես նաեւ թուրքական Հայաստանի մասին Լենինի դեկրետները, որոնք փաստացի ամփոփել են Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները այդ հատվածում՝ տասնամյակների ընթացքում", - ասել է նա։
Պետդումայի պատգամավորը փաստել է, որ այն զգալի տարածքները, որտեղ մինչև Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ապրում էին հայերը, հայտնվել են Թուրքիայի նոր հանրապետության իշխանության տակ: Զատուլինը նշել է ՌԽՖՍՀ-ի լուրջ դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու եւ նրա հաղթանակի հասնելու գործում, իսկ "երախտագիտությամբ" Թուրքիան պատասխանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ դրանից հետո, երբ դարձել Է ՆԱՏՕ-ի անդամ:
"Չի կարելի մոռանալ նաեւ, որ խորհրդային զորքերը 1942 թվականին կովկասյան սահմանին սպասում էին թուրքերի հարձակմանը Ստալինգրադի անկման դեպքում։ Տարբեր կերպ կարելի է գնահատել անցյալը, բայց ես կողմնակից չեմ, որ մենք հիմա կենտրոնանանք 1921 թվականի պատմության վրա", - ամփոփել է ՌԴ պետդումայի պատգամավորը։