Արմինֆո. Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Այդ մասին հաղորդել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել: Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան: Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն», - ասվում է հաղորդագրությունում: