Արմինֆո. Ստեփանակերտը հաստատել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Հայաստանի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հանդիպման փաստը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ:
Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։
Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:
Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ»: