Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը:
"Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ անվտանգության ասպեկտները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում կարեւորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը եւ համատեղ կառուցողական աշխատանքը", - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: