Արմինֆո. ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան–ԵՄ համագործակցության մի շարք հարցեր և առաջիկա ծրագրեր։
Նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Նախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը և նամակները։
Ապա նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։
Նախարարն ընդգծել է, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն աջակցություն են ակնկալում գործընկերներից։
Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել նախանշված ծրագրերը։
Տիկին դեսպանն ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝ ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ կառավարությանը իր առաջնահերթությունների արդյունավետ իրականացման գործում։ Եզրափակելով հանդիպումը, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի։