Արմինֆո. Վարչական 10 շրջաններում <կարմիր գծերը> կվերանան, իսկ վարորդներին կկարողանան տուգանել միայն տեսագրությունների հիման վրա։ <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ խորհրդարանի հունվարի 20-ի նիստում։
ԱԺ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խորհրդարանում ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, նշել է, որ <կարմիր գծերը> կմնան միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում: <Երեւանի վարչակազմն այլեւս չի կարողանա քաղաքացիներին տուգանել
միայն մեկ լուսանկարի հիման վրա։ Ինչպես գիտեք, շատ քաղաքացիներ հիմա արդարացիորեն վրդովվում են, որ կայանատեղիում մեքենաների կայանման ժամանակը հաշվարկելը կոռեկտ չէ կատարվում>, - պարզաբանել է Գաբրիելյանը ։
Նա նշել է, որ Երեւանի քաղաքապետարանն աջակցում է օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը եւ արդեն պայմանագիր է կնքել հատուկ տեխնիկական սարքավորումների եւ տեսախցիկների տեղադրման համապատասխան ընկերության հետ, որոնք ավտոմատ կերպով կարձանագրեն տուգանքի ենթակա քաղաքացիների իրավախախտումները: <Այնտեղ, որտեղ կարմիր գծեր են մնալու, քաղաքացիները, եթե չեն վճարել կայանման համար, կտուգանվեն միայն տեսանյութի առկայության դեպքում, որը հաստատում է, որ ավտոսեփականատերը այնտեղ է եղել ավելի քան 15 րոպե>, - նշել է Գաբրիելյանը:
Պատգամավորը հավելել է, որ ստանալով տուգանքների մասին ակտեր ՝ քաղաքացիները կարող են անցնել հղումով և դիտել դրանց խախտման փաստն ապացուցող տեսանյութը: