Արմինֆո. Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։
Նախարարը աշխատակազմին ներկայացրել է ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին և աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեց։ Խորհրդակցությանը մասնակցում էր ոլորտն համակարգող փոխնախարար Աննա Մազմանյանը։
Նախարարը անդրադարձել է գրասենյակում կատարված աուդիտի արդյունքներին և իր դժգոհությունն հայտնեց կատարված աշխատանքների արդյունավետության, իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության որակի վերաբերյալ՝ հորդորելով գործընկերներին միասին նոր փուլի մեկնարկ հայտարարել՝ շտկելով նախկինում որդեգրած աշխատելաոճը։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով։ Նախարար Պետրոսյանը տեղեկացրել է, որ գրասենյակում առաջիկայում նախատեսված է ևս մեկ արտաքին աուդիտ։
«Մենք պետք է լուրջ հետևություններ անենք ստեղծված իրավիճակից և այսուհետ մեր քայլերով բացառենք արգահատելի երևույթները։ Այսպես չենք շարունակելու։ Պետության շահերի թիկունքում չի սպասարկվելու որևէ այլ շահ։ Ես չեմ հանդուրժելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում այսուհետ որևէ ծրագիր չի իրականացվելու միայն թղթերով արդյունքներ ցույց տալու համար»,- հայտարարել է նա։
Եզրափակելով հանդիպումը՝ նախարարը աշխատակազմին ևս մեկ անգամ հորդորել է վերանայել մոտեցումները, արդյունավետության նոր նշաձող սահմանել և հրաժարվել նախկինում տեղ գտած արատավոր պրակտիկայից, հույս հայտնել, որ պարոն Խաչատրյանը արդյունավետ աշխատանք կտանի աշխատակազմի հետ և մոտ ապագայում մենք կունենաքն օգտավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։