Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը:
Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դրանցից 251–ն արդեն տեղադրված է: «Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Երեւանում, ընդհանուր առմամբ, բարձրահարկերում հաշվառված է 4666 վերելակ, որոնց գերակշիռ մասը վաղուց մաշված է եւ փոխարինման կարիք ունի: Բելառուսական եւ ռուսական վերելակ արտադրողների կողմից քաղաքապետարանն առաջարկներ են ստացել բացել վերելակների սարքավորումների արտադրություն, ինչն էապես կնվազեցնի դրա վերջնական գինը, կստեղծի նոր աշխատատեղեր եւ հնարավորություններ դրանց ինքնուրույն տեխնիկական սպասարկման համար: Սակայն քաղաքապետարանը նախընտրել է պատրաստի վերելակներ գնել։ Թե որտեղից են գնվում վերելակային սարքավորումները և ինչ գներով՝ Երևանի քաղաքապետարանը չի հաղորդում։