Արմինֆո.Ֆրանսիան Հայաստանին երկարաժամկետ աջակցություն կցուցաբերի այն իրավիճակի հետեւանքների հաղթահարման գործում, որն այսօր ստեղծվել է երկրում: Այդ մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, որը Հայաստան է բերել ֆրանսիական մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը։
Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է կարճ ժամկետում մարդասիրական օգնություն կազմակերպել այն մարդկանց, ովքեր տուժել են ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների հետեւանքով, եւ որոնք մի քանի շաբաթ շոկի մեջ են եւ բախվել են մի շարք խնդիրների:
"Նախագահը նաև մաղթել է, որ օգնությունը լինի երկարաժամկետ։ Հայաստանը և Ֆրանսիան կապում են պատմական ամուր արմատներ ունեցող բացառիկ հարաբերությունները",-ասել է Լեմուանը, հավելելով, որ վերջին շաբաթներին Մակրոնը քանիցս հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ավելին, շփումներ է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ։
Ֆրանսիացի դիվանագետը հավելել է, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում ՝ պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության ապահովման վերաբերյալ: Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը հաղորդել է, որ փոխգործակցություն Է ընթանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կազմակերպությունների հետ ՝ դրանց պաշտպանությունն ապահովելու հարցում: Նա տեղեկացրել է, որ այցի շրջանակներում արդեն բանակցություններ է վարել ՀՀ ԱԳՆ եւ կառավարության ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել է նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:
"Մենք մեզ հետ բերել ենք 25 տոննա մարդասիրական օգնություն, որը մոբիլիզացվել է պետության, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաների, մարդասիրական կազմակերպությունների կողմից, որոնք միավորված են "Coordination Sud" - ի և Ազնավուրի հիմնադրամի շրջանակներում ։ Այդ մարդասիրական առաքելությունը գլխավորել է հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը", - ասել է Լեմուանը ։
Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանին աջակցելու այս համընդհանուր մոբիլիզացիան իրեն հիշեցրել է 1988 թվականի դեկտեմբերը, երբ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համախմբեց բոլորին երկրաշարժից լրջորեն տուժած Հայաստանին օգնելու համար՝ "Քեզ համար Հայաստան" երգի ներքո,:
"Այսօր կատարվածը հիշեցնում է այդ երկրաշարժը: Բայց, միևնույն ժամանակ, այն նաև հանգեցնում է մտքին, որ աղետից հետո էլ ծառերը ծաղկում են ", - եզրափակել է Լեմուանը։
Իր հերթին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ սա Լեմուանի արդեն չորրորդ այցն է Հայաստան։ "Մեզ համար մեծ պատիվ է զգալ, որմենք ձեր կողքին ենք եւ կարող ենք կատարել մեր աշխատանքը՝ նախագահի ղեկավարությամբ: Լեմուանը վերջին անգամ Երևանում էր 2018 թվին, որը Հայաստանի համար երջանիկ տարի էր։ Եվ հիմա նա այստեղ է, երբ Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում", - ասել է դեսպանը։