Արմինֆո. Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հենց սկզբից ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել հրադադարի հասնելու ջանքերում։ Այդ մասին նոյեմբերի 28 - ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը։
Նա հիշեցրել է, որ համանախագահ երկրների կողմից երեք անհաջող փորձ է ձեռնարկվել կողմերի միջեւ հրադադարի ռեժիմ հաստատելու ուղղությամբ, այնուհետեւ նոյեմբերի 9-ին ստորագրվել է եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից: "Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում, որը բաղկացած է 9 կետից, չկան մի շարք դրույթներ, օրինակ, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության ապահովման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Մերձավոր արեւելքից սիրիացի վարձկանների դուրսբերման վերաբերյալ: Այս կապակցությամբ՝ համոզված ենք, որ այդ հարցերի քննարկումը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ։ Եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը համաձայնություն են հայտնել շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում", - ասել է Լեմուանը, միաժամանակ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիններից մեկն է իրերն անվանել իրենց անուններով ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հետ, հաղորդելով, որ Թուրքիան վարձկաններ է տեղափոխում հակամարտության գոտի ՝ մարտերին մասնակցելու համար:
Ֆրանսիացի դիվանագետի խոսքով ՝ Փարիզն Անկարայից ակնկալում է այդ վարձկանների դուրսբերումը հակամարտության գոտուց, նաեւ հույս ունի, որ եվրոպացի գործընկերները կաջակցեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք տպավորություն չունի, որ Ռուսաստանը շրջանցել է ԵԱՀԿ ՄԽ գործընկերներին և պայմանավորվել Թուրքիայի հետ, Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը կրկնել է, որ հայտարարությունը որոշակի կետեր չի պարունակում, և անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների մասնակցությունը բանակցությունների շարունակմանը: