Արմինֆո. Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Facebook-ի իր էջում հաղորդել է, որ Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր:
«Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք», - գրել է Համլետ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել էին Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը։ Տիգրանակերտում պեղումները սկսվել են 2006 թվականին։ Այս ընթացքում գիտնականները կարողացել են պեղել ամրոցի միջնաբերդը, պատերը, քաղաքի կենտրոնական մասի ավերակները, եկեղեցին։ Կարևորագույն արտեֆակտ է համարվում 2008 թվականին հայտնաբերված հայերեն գրառումը։