Արմինֆո.Մարիաննա Մկրտչյան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները չպետք է մրցակցեն միմյանց հետ, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել։ Իհարկե, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի կանգնեցնել պատերազմը", - ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քան՝ Ռուսաստանին։
"Կրեմլը նախկինի պես այն կարծիքին է, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով",-ընդգծել է Պեսկովը, հաղորդում է «Վեդոմոստին»: Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է ուշադիր հետեւել ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակին:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հերթական համաձայնությունն են կնքել, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին: Մեկ ժամ էլ չանցած՝ հրադադարը խախտվել է։ Այժմ հակամարտության գոտում կատաղի մարտեր են ընթանում։
Հարկ է նշել, որ ավելի վաղ հրադադարի շուրջ համաձայնություններ էին ձեռք բերվել Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ, համապատասխանաբար, հոկտեմբերի 10-ին և 17-ին։