Արմինֆո.Արցախի դեմ ադրբեջանական այս ագրեսիան աչքի է ընկնում նրանով, որ ԱՀ ԶՈՒ հարձակումների թիրախ են դառնում քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները, այդ կերպ լուրջ մարդկային ու գույքային վնասներ են հասցվում։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այս համատեքստում նա անդրադարձել է Արցախի Մարտունի քաղաքում լրագրողների այսօրվա հրեետակոծությանը, փաստելով, որ դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց՝ այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր ԶԼՄ-ների լայն արձագանքի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունները լուսաբանելու ցանկության մասին: Նաղդալյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրվել են ավելի քան 50 առաջատար միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շուրջ 200 լրագրողներ, որոնցից 100-ն արդեն աշխատում են Արցախում:
"Լրագրողներն այսօր առավոտյան տուժել են Մարտունիում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հարձակման են ենթարկել քաղաքացիական բնակչությանը։ Տուժել են Le Monde - ի լրագրողները, որոնցից մեկն արդեն վիրահատվել է Ստեփանակերտի հիվանդանոցում, և Արցախի կառավարությունը հայտնել է նրան Հայաստան տեղափոխելու մտադրության մասին", - ասել է նա, հավելելով, որ հարվածների թիրախ են եղել նաև լրագրողներին տեղափոխող մեքենաները, և դա չնայած ան բանին, որ նրանք տարբերանշաններ են ունեցել: Նշելով, որ տուժել են նաեւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները, նա բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Նաղդալյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում են: "Նման պահվածքը դատապարտելի է", - ասել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, կտրականապես մերժելով ադրբեջանական կողմի այն հավաստիացումները, թե լրագրողները եղել են առաջնագծում: Նրա խոսքով, դա հերթական անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներն են: