Արմինֆո. Թուրքական սադրանքն անթույլատրելի է։ Ըստ Kathimerin –ի՝ այդ մասին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ "Ժամանակն է, որ Եվրոպան համարձակորեն և անկեղծորեն քննարկի, թե ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ Թուրքիայի հետ։ Մի բան հաստատ կարելի է ասել. թուրքական սադրանքները, լինեն դրանք միակողմանի գործողություններ, թե ծայրահեղ հռետորաբանություն, այլևս անթույլատրելի են։ Թուրքիայի վարքագիծը խախտում է Եվրամիության անդամ երկու պետությունների՝ Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքները, բացի այդ, դա վնաս է հասցնում Միջերկրական ծովում ողջ Եվրոպայի զգալի աշխարհաքաղաքական շահերին", - ասել է պարոն Միցոտակիսը։
Նա հավելել է, որ բացվում են երկու ճանապարհ. առաջինը դիվանագիտության, երկխոսության ճանապարհն է, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հարգման, միակողմանի գործողություններ թույլ չտալու եւ բարիդրացիության կանոնների վրա: Մյուս ճանապարհը լարվածության սրումն է, որն անխուսափելիորեն, վաղ թե ուշ, կհանգեցնի եվրոպական գործողությունների ՝ ի վնաս Թուրքիայի։
"Հունաստանը, գործնականում, ապացուցել է, որ ցանկանում է գնալ առաջին ճանապարհով։ Թուրքիան պետք է նույնը անի։ Բայց նա դա պետք է անի հետևողականորեն",-ասել է Հունաստանի վարչապետը ։