Արմինֆո. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում թուրքական ներգրավվածության մասին ապացույցները դառնում են անժխտելի։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԱԺ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ։
<Այդ ֆոնին թուրքական կողմը փորձում է ապատեղեկատվություն տարածել, թե իբրև ես կոչով դիմել եմ քրդերին։ Շեշտեմ՝ իմ կոչը վերաբերել է բացառապես եզդիներին, ավելին՝ Rudaw քրդական հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ ես շեշտել եմ, որ քրդերին և եզդիներին չի կարելի նույնացնել։ Այդուհանդերձ, ZOOM տեսագրության ժամանակ հաղորդավարը հարց ուղղելիս կիրառել է՝ «քուրդ եզդիներ» եզրույթը, իսկ դրան ի պատասխան՝ ես արձանագրել եմ՝ խոսքը Հայաստանի եղբայրական ժողովրդի` եզդիների մասին է։ Խորհուրդ կտամ թուրքական կողմին իրենց ներգրավվածության կոծկման համար չդիմել մանիպուլիացիաների։ Իմ խոսքը հստակ է և ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Հայաստանում ապրող եզդիներով կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ կյանքի ու ապրելու իրավունքի համար մղվող այս պայքարում>,- գրել է նա։