Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-ԵՄ գործընկերության եւ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրամիությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի Facebook-յան էջում:
"Ես վճռականորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունը, մասնավորապես, ադրբեջանական ուժերի մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Ռազմական ագրեսիայի անընդունելի կիրառումը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում, արմատապես վիժեցնում է խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունը։ Սա միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ շարունակվող երկխոսության կոպիտ խախտում է։ Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետքայլ անել։ Այդ ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ողջ տարածաշրջանը։ Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է վճռականորեն բարձրացնի իր ձայնը, գնահատելով պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, եթե կրակի դադարեցման պահանջը մերժվի", - նշել է Կաստալդոն։