Արմինֆո. Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային եւ մյուս երկրներին համոզել Բաքվին եւ Երեւանին վերադառնալ խաղաղ կարգավորմանը եւ ռազմական աջակցության մասին հայտարարություններ չանել: ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլում վստահ են, որ Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները, որոնք հակամարտում են Լեռնային Ղարաբաղի պատճառով, միայն յուղ են լցնում կրակի վրա, հարկավոր է համոզել կողմերին վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ձեւին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հայտարարություն է արել աայսօր լրագրողների հետ զրույցում։
"Կրեմլում, նախևառաջ, ելնում են կրակի և մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից։ Ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն, միանշանակ, յուղ է լցնում կրակի մեջ։ Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ մենք համաձայն չենք հարցի նման ձեւակերպմանը", - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
"Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, որպիսին Թուրքիան է, անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերին համոզենք դադարեցնել կրակը եւ վերադառնալ այդ հին հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով",- նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ "ռուսական կողմը մշտապես կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ՝ տարբեր մակարդակներում": "Մենք հավաքում ենք ողջ տեղեկատվությունը շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հետևում ենք բոլոր հայտնվող լուրերին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում այդ գիտելիքները մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և հետագա քայլերը որոշելու համար՝ ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին", - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրները պետք է դրսեւորեն պատասխանատու դիրքորոշում՝ առանց արկածախնդրության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
"Իհարկե, պետք է հասկանալ, որ լինելով ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես և մյուս համանախագահները, պարտավոր է դրսեւորել հավասարակշռված դիրքորոշում, պատասխանատու դիրքորոշում՝ զերծ որևէ արկածախնդրությունից", - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով, "միայն դա է հնարավորություն տալիս Մոսկվային իսկապես արդյունավետ առաջարկել իր միջնորդական դերը այդ հակամարտության կարգավորման գործում (Լեռնային Ղարաբաղում):
Մեկնաբանելով ռեժիսոր Կարեն Շահնազարովի հայտարարությունները, որը Մոսկվային կոչ է արել կողմնորոշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առնչությամբ դիրքորոշման հարցում, Պեսկովը համոզմունք է հայտնել, որ "նա իր դիրքորոշման իրավունքն ունի"։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն, ընդսմին, մատնանշել է Ռուսաստանի խնդիրները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։