Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ' Երեւանին ուղղված անհիմն մեղադրանքներին:
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով Ալիևի հարձակումներին, նշել է, որ տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
«Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ:
Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա:
Իլհամ Ալիևի օրոք է Ադրբեջանը բաց թողել «նավթային բում»-ի միջոցով ժամանակակից երկիր և հասարակություն կառուցելու պատմական շանսը: Այսօր Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին հարստահարելու և լռեցնելու համար:
Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի և սեփական հարստության պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականության վրա հիմնված իշխանության պահպանումն ամեն գնով: Ցավալի է, որ այդ «ամեն գինը» վճարել և վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը», - ընդգծել է ԱԳՆ խոսսնակը
Նշենք, որ Ալիեւը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ բողոքել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից, Հայաստանի վարչապետին մեղադրել Է "ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ձեւաչափի եւ էության նպատակաուղղված խախտման համար": "Նրա Ղարաբաղը Հայաստան է հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Նա անհիմն պայմաններ է առաջադրում բանակցային գործընթացում։ Ադրբեջանի համար անընդունելի նրա "յոթ պայմանները" մերժվեցին մեր կողմից։ Մենք ընդամենը մեկ պայման ունենք խաղաղության հասնելու համար։ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից", - ասել է Իլհամ Ալիեւը։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Հայաստանը նախապատրաստվում է "Ադրբեջանի դեմ ագրեսիայի", եւ այդ համատեքստում ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը կոչ Է արել ազդել Հայաստանի վրա: