Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի կառույցներին կոչ է արել ապահովել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարումը:
"Միջազգային կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է վերջ դնել օկուպացիային։ Անհրաժեշտ է ապահովել միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների պահպանումը եւ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարումը",- հայտարարել է Ալիեւը նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ իր տեսաուղերձում, հավելելով, որ կազմակերպության համապատասխան ինստիտուտները պետք է ներդրում ունենան Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարման գործում: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ պետք է կիրառվեն "պատժամիջոցներ պարտավորությունները չկատարելու համար":
Ընդ որում, Ալիեւը դրանով չի սահմանափակվել՝ Հայաստանին մեղադրելով խաղաղ գործընթացը ձախողելու փորձի մեջ, իբր, ստատուս քվոն պահպանելու եւ "գրավյալ տարածքների բռնակցմանը հասնելու" նպատակով։
"Հայաստանի ղեկավարության թշնամական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երեւանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր պատերազմի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը զսպել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից", - ասել Է Ալիեւը, մոռանալով հիշատակել Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ին հրթիռային հարված հասցնելու սպառնալիքը:
Ադրբեջանի նախագահը նաեւ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը նա որակել է որպես անարդյունք: "ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ - ի նախագահները իրենց հայտարարություններում ընդգծել են ստատուս քվոյի անընդունելիությունը։ Մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, սակայն հայտարարությունները բավարար չեն։ Մենք իրական քայլերի կարիք ունենք։ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել եւ չի լինելու բանակցությունների առարկա։ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվեն։ Ղարաբաղն Ադրբեջան է", - ընդգծել Է Ալիեւը, հաղորդում է "Թուրանը":
Վերջում Ալիևը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանին զենքի աճող մատակարարումների կապակցությամբ, կոչ է արել բոլոր երկրներին զերծ մնալ նման գործողություններից։ Հատկանշական է, որ Ալիևը ոչ մի բառ չի ասել Ադրբեջանի կողմից կնքվող բազմամիլիարդանոց զենքի պայմանագրերի մասին ։