Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին մեկնարկել է "Մուլտի գրուպ կոնցեռն" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը, որի ընթացքում դատախազի կողմից հրապարակվել է մեղադրական եզրակացությունը: Սակայն, Առուստամյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Դրանից հետո դատարանն անցել է ապացույցների քննությանը եւ վկաների հարցաքննությանը։
Հիշեցնենք, որ այս գործով Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների շինարարությունը չդադարեցնելը և ապօրինի շինությունների չոչնչացումը): Քրեական գործը վերաբերում է Երեւանի Աբովյան փողոցում հյուրանոցային համալիրի օրենսդրական նորմերի խախտմամբ իրականացվող շինարարությանը: Բացի այդ, Առուստամյանը, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար, որպես մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում չարաշահումների գործով։ "Մուլտի Գրուպ կոնցեռնի" գլխավոր տնօրենը մեղադրվում է նաեւ նախկին սուպերնախարար, ֆինանսների եւ պետեկամուտների նախարար Գագիկ Խաչատրյանին 22.4 մլն դոլարի չափով կաշառք տալու մեջ՝ իր ղեկավարած կազմակերպության հովանավորությունն իրականացնելու համար, այդ թվում ՝ հարկային եւ մաքսային մարմինների կողմից: