Արմինֆո.Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից արված հայտարարությունները որոշակի անհանգստություն են առաջացնում, տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են տարվում ռազմական սադրանքների հնարավոր վերսկսման առումով: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր, <Բարգավաճ Հայաստան> խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ։
<Այդ հայտարարություններում կարելի է տեսնել ռազմական սադրանքներին նախապատրաստվելու տարրեր։ Ինչպես հիշում եք ամռանը Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ անցկացրեցին Նախիջեւանում, եւ թուրքական ստորաբաժանումների մի մասն այդպես էլ չլքեց Նախիջեւանը>, - նկատել է պատգամավորը ՝ ընդգծելով, որ թուրքական տեխնիկայի մի մասը մնացել է այնտեղ ։
Պատգամավորը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը շատ ռազմատենչ է և որևէ կերպ կապված չէ բանակցային գործընթացի հետ: <Ադրբեջանի իշխանությունները պատերազմ են հրահրում, ավելին՝ Անկարան նույնպես չի բացառում, որ կմասնակցի դրան>, - նշել է Աբովյանը:
Աբովյանը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում հաճախ են տեղեկություններ տարածում այն մասին, որ Անկարան իսլամիստ գրոհայիններ է տեղակայում Ադրբեջանում: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը պետք է տեղեկացնի միջազգային բոլոր հարթակներում հնարավոր ռազմական սադրանքի մասին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել էր, որ բացասաբար է գնահատում Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացը: Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ բանակցային գործընթաց փաստացի չի ընթանում, և դրանում մեղադրել է Հայաստանին։