Արմինֆո. Թե Երևանը, թե Մոսկվան տրամադրված են Հայաստանում ՀԿԵ գործունեության զարգացմանը։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում "Ռուսական կենտրոնի" բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
"Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ պարզաբանվել է։ Կողմերը հանգել են եզրակացության, որ իրավիճակը նորմալ է, որ ՀԿԵ-ն աշխատում է, եւ շատ կարեւոր է, որ երկու կողմերն էլ տրամադրված են, որպեսզի ՀԿԵ-ի գործունեությունն այստեղ զարգանա, ներդրումները շարունակվեն, եւ այդ աշխատանքն արդյունավետ լինի: Ես շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը հանվել են", - ասել է դեսպանը։
Նշենք, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունը սեպտեմբերի 2-ին հաղորդել էր, որ Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ - երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ստորագրել են արձանագրություն, որով հանվել են բոլոր տարաձայնությունները "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ դուստր ձեռնարկության ՝ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, փաստաթղթում ամրագրված է Ռուսաստանի եւ Հայաստանի պրոֆիլային նախարարությունների համաձայնությունը " ՀԿԵ " ՓԲԸ գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքների հետ, որոնք իրականացվել են 2008թ.կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Հաստատվել է նաեւ ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը եւ, որպես հետեւանք, կողմերի պահանջների բացակայությունը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն խիստ ստուգումների էր ենթարկվել Հայաստանի հարկային մարմինների կողմից՝ պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասով:
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել "ՀԿԵ" ՓԲԸ-ին ' համաձայն 2008թ.փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ եւս 10 տարի երկարաձգման իրավունքով: