Արմինֆո.«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունում, որը հրապարակված է խորհրդարանի կայքում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել "Իմ քայլը" կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Նշենք, որ պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին որոշումը Փամբուխչյանը հրապարակել էր նաեւ իր ֆեյսբուքյան էջում: Ընդ որում, նա նշել է, որ քաղաքական թիմի համաձայնությամբ եւ իր իսկ ցանկությամբ կշարունակի պետական ծառայությունը, բայց արդեն գործադիր մարմնում:
Նշենք, որ այժմ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է նիստ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, "Իմ քայլի" պատգամավորների, նախարարների եւ մարզպետների մասնակցությամբ: Խոսք կարող է գնալ նաև Փաշինյանի համախոհների կարծիքով Սահմանադրական դատարանի երեք անդամների անհաջող փոփոխության մասին: Նրանցից ոչ մեկը "Նոր Հայաստանի" կողմնակից չէր ։