Արմինֆո.Օգոստոսի 12-ին դատարանի նիստում դատախազները մեղադրական ճառերով են հանդես եկել "Սասնա ծռեր" խմբի 10 անդամների գործով։
Դատախազները պնդում են, որ ամբաստանյալները, օրենսդրության եւ միջազգային նորմերի խեղաթյուրված մեկնաբանություններով քողարկելով հանցավոր գործունեության բացահայտ կոչերը, փորձել են արդարացնել իրենց զինված գործողությունները: Բացի այդ, դեռևս չպարզված հանգամանքներում կազմակերպված խմբի անդամները ապօրինի ձեռք են բերել և պահել զենք ու զինամմթերք: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանհամաձայն, նրա մահը վրա է հասել կրծքավանդակի միջանցիկ հրազենային վիրավորում ստանալու հետևանքով, ընդ որում, սպանությունը կատարել է Սմբատ Բարսեղյանը։
Դատախազները պահանջել են խմբի անդամներին մեղավոր ճանաչել 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդներ վերցնել), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Դատախազը պահանջել է Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարվա և 6 ամսվա ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարվա և 6 ամսվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ, Արմեն Բիլյանին՝ 21 տարի, Սեդրակ Նազարյանին՝ 9 տարի, Էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի, Մխիթար Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Արայիկ Խանդոյանի նկատմամբ առաջարկվել է նրա մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել: