Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը կներկայացնի "Արտակարգ դրությունը վերացնելու մասին" ԱԺ որոշման նախագիծը: Այդ մասին հաղորդագրություն է զետեղված խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի Facebook-ի էջում։
«Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ ենք մասնակցություն ունենալ և աջակցել, որ արագ ընդունվեն», - ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանում COVID-19 համավարակի առնչությամբ արտակարգ դրության ռեժիմը եւս 30 օրով կերկարաձգվի։ Այդ մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության նիստում։ Այսպիսով, մարտի 16-ից սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը վերջին անգամ երկարաձգվել էր մինչեւ օգոստոսի 12-ի ժամը 17.00-ն, կշարունակի գործել մինչեւ սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ն: