Արմինֆո. Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
"Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»:", - նշել է Նաղդալյանը։
Նշենք, որ հայկական խաղաղապահ զորախումբը Լիբանանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2014թ.նոյեմբերից ՄԱԿ-ի UNIFIL (the United Nations Interim Force in Lebanon) միջազգային առաքելության կազմում: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Շամա զինվորական ավանի անվտանգությունը: Այս պահին Լիբանանում խաղաղապահ գործողությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ մեկ դասակ:
ՄԱԿ-ի ուժերը Լիբանանում գործում են 1978 թվականից ։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պարբերաբար երկարաձգում է նրանց մանդատը։