Արմինֆո. ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի գրավման Ադրբեջանի զինված ուժերի փորձերը դատապարտելի են: Այս մասին հուլիսի 13-ին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Ընդ որում, նա նշել է, որ այսօր առավոտյան հայ - ադրբեջանական պետական սահմանի այդ ուղղությամբ սադրանքները վերսկսվել են և զգուշացրել, որ տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
< Մահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը
որը լավագույնս արտացոլված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որում Անկարան հայտարարում է ադրբեջանական կողմի գործողություններին անվերապահ աջակցության մասին՝ արդեն ակնհայտ եւ ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ: Այդ ռազմական միջադեպը վակուումում տեղի չի ունեցել, արդեն երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով խաղարկել հակահայկական խաղաքարտը>, - ասել է ՀՀ վարչապետը ՝ չբացառելով, որ սահմանին հակառակորդի այդ սադրիչ գործողությունները նպատակ են հետապնդում ներքին խնդիրները երկրորդ պլան մղել։
Նա նաեւ նշել է, որ այդ գործողությունների ժամանակ աչքի է զարնում Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:
<Ստացվում է, որ որքան շատ է համաճարակը տարածվում Ադրբեջանում, որքան ավելի է սրվում սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնքան ավելի են սրվում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական տրամադրություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է>, - ասել է վարչապետը ՝ հավելելով, որ հակառակորդի ոչ մի սադրանք անպատասխան չի մնա։