Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին գործողությունները Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ թելադրված են երկու պատճառով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։
Հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել Քեմալ Աթաթուրքի 1934 թվականի կառավարության որոշումը, որով Սուրբ Սոֆիայի տաճարին շնորհվել է թանգարանի կարգավիճակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի համաձայն ՝ տաճարն այսուհետ մզկիթ կդառնա։
<Նախ նրան պետք է մոբիլիզացնել եւ համախմբել սեփական սոցիալական բազան, որն ընդհանուր առմամբ կազմում է բնակչության՝ պահպանողական-ազգայնական, քիչ կրթված և չունևոր մասը։ Մինչ այժմ Էրդողանին հաջողվում էր հասնել այդ նպատակին՝ բնակչության այդ հատվածին սոցիալ-տնտեսական և քաղաքական արտոնություններ տրամադրելու հաշվին ։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, ընդ որում ՝ ոչ միայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ։ Ըստ այդմ, բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի արտոնություններ տրամադրելու միջոցով իր ընտրազանգվածի լոյալությունն ապահովելու հնարավորություն Էրդողանն այլևս չունի>, - ընդգծել է նա ։
Հենց այդ անհնարինությամբ է Միրկադիրովը պայմանավորում Էրդողանի կողմից քրիստոնյաների և մահմեդականների միջև հակասությունների խաղաքարտի գործարկումը ՝ հաշվի առնելով, որ Սուրբ Սոֆիան կարևոր խորհրդանիշ է ինչպես քրիստոնյա աշխարհի, հատկապես ուղղափառ, այնպես էլ՝ թուրք մահմեդականների համար ։ Էրդողանի նման քայլը, վերլուծաբանի գնահատմամբ, ներքաղաքական պայքարի տեսանկյունից շահող է։ Թուրքիայի նախագահը շատ լավ գիտակցում էր, որ քրիստոնեական, հատկապես ուղղափառ աշխարհը սվիններով կընդունի այդ որոշումը, և որ դրա վրա կարելի է քաղաքական միավորներ հավաքել։
Սուրբ Սոֆիայի իսլամացման շուրջ պատմության մեջ երկրորդ կետը Միրկադիրովը համարում է Էրդողանի ատելության դրսեւորումն Աթաթուրքի նկատմամբ։ Ըստ վերլուծաբանի ՝ Էրդողանն այսօր շահարկում է Թուրքիայի պատմական անցյալը և նեոօսմանիզմի գաղափարները։ Ընդգծելով, որ հարյուր տարի առաջ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակ է ստացել 1934 թվականին Աթաթուրքի կամային որոշմամբ՝ նա նշել է, որ ամենեւին էլ պատահական չէ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի քանդման մասին Էրդողանի վերջերս կայացրած որոշումը ։
<Ընդ որում, ուզում եմ հատուկ նշել, որ կրոնը, այդ թվում ՝ կրոնական տաճարները, քաղաքական շահարկումների առարկա են դառնում ամենուր ։ Օրինակ, Շվեյցարիայում, որտեղ ես ապրում եմ, արգելել են մզկիթներ կառուցել՝ մինարեթներով։ Այն պատճառով, որ դրանք փչացնում են շվեյցարական քաղաքների ճարտարապետական տեսքը։ Կարող եմ օրինակ բերել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունից։ Հայաստանում համառորեն Երեւանի մզկիթն անվանում են պարսկական ։ Սակայն, մզկիթը չի կարող պարսկական կամ ադրբեջանական լինել։ Մզկիթները շիա են կամ սուննի ։ Այնպես որ՝ կրոնի եւ կրոնական զգացմունքների շուրջ նման շահարկումներն այսօր, ցավոք, սովորական երեւույթ են ամբողջ աշխարհում>, - ամփոփել է ադրբեջանցի վերլուծաբանը ։