Արմինֆո. ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը դիրքեր է կորցրել Տավուշի ուղղությամբ գիշերային բախումների ժամանակ։
<Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշշշի զորավարն էլ գալիս է Շամխոր։Ասածս ինչ է. Չզարմանաք>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Նշենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Երկու-երեք ժամվա դադարից հետո այսօր առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։ Հայկական կողմը հակառակորդին զգուշացրել է, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: