Արմինֆո. Պետական ապարատի համակարգում համակարգված աշխատանքի բացակայությունը COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանի ձախողումների պատճառներից մեկն է։ Իր կողմնակիցների հետ առցանց հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդացության պետության ցուցանիշներն ուղղակի ամոթալի են, ինչի պատճառը իշխանությունների՝ առկա իրավիճակի ոչ համարժեք գործողություններն են: Կառավարությունը, նրա ասելով, կենտրոնացել է պարզունակ որոշումների վրա. դիմակներ կրելը դարձել է
համավարակի դեմ պայքարի միակ միջոցը, իսկ տնտեսական ողջ քաղաքականության անկյունաքարը հսկիչ-դրամարկղային կտրոններն են: Մինչդեռ, ինչպես կարծում է Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է։ Հենց այդ կազմակերպվածությունը, նշում է ՀՀ երկրորդ նախագահը, ուժեղ պետություն ստեղծելու շարժիչ ուժն է։ Նրա նախագահության շրջանում տնտեսական հաջողությունները 70% -80% պայմանավորված էին պետական ապարատի աշխատանքի ներդաշնակությամբ, հենց ներդաշնակությունն այսօր գրեթե չկա։ "Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հենց պետական ինստիտուտներն են խանգարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատել", - ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ իրավիճակը համարելով անհեթեթ:
Ինքը՝ Քոչարյանը, չի կարող ազդել որոշումների կայացման գործընթացի վրա, սակայն հույս ունի, որ քննադատության, սխալների և թերությունների մատնանշման միջոցով իրեն կհաջողվի գոնե մի փոքր թեթևացնել մարդկանց խնդիրները։ "Սա շատ փոքր հնարավորություն է, հատկապես, այնպիսի իշխանության պայմաններում, որը պատրաստ չէ լսել ընդդիմադիր հայացքներով որեւէ մեկին",-հավելել է նախկին նախագահը: Նա խոստացել է հստակ ռազմավարություն ներկայացնել միայն այն բանից հետո, երբ իր թիմը ձևավորի՝ որպես քաղաքական միավոր։
Հիշեցնենք, որ նախկին նախագահը մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ 2018 թվականի հուլիսից փոքր ընդմիջումներով նա կալանքի տակ էր գտնվում։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան 4 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակել։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ