Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել <Կամք> նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին եւ վերջինիս անդամներին: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Նախաձեռնության անդամները հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց եւ հայտարարել, որ մտադիր են նամակը փոխանցել նախագահ Արմեն Սարգսյանին և հանդես գալ մամուլի ասուլիսով:
<Մենք մտադիր ենք Հայաստանի նախագահին փոխանցել նամակը եւ ամոթանք տալ Լանզարոտի կոնվենցիայի ընդունման համար ։ Այս մարդիկ ուզում են, որ մեր դպրոցականները անցնեն ոչ թե հայոց եկեղեցու պատմությունը, հայոց լեզու ու Հայաստանի պատմություն, այլ՝ սեռական կրթություն քարոզեն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց ծրագիրը ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանում քաղաքական գործիչները չկարողանան բողոքի ակցիաներ իրականացնել ։ Բողոքի ակցիա անցկացնելու մենաշնորհային իրավունքը տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ։ Մենք դժգոհ ենք նման կանխակալ մոտեցումից, որը Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են քաղաքական ուժերի նկատմամբ ։ Մենք չենք հանդուրժի, որ Հայաստանում լինեն արտոնյալ քաղաքական ուժեր>, - ընդգծել է Չախալյանը ։ Ոստիկանությունը հավաքվածներին առաջարկել է ցրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել այդ պահանջին, որից հետո ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նրանց ։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազգային ժողովը հավանություն է տվել Լանզարոտում ստորագրված՝ ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Այն ստորագրվել է 47 պետության կողմից, ուժի մեջ է մտել 45 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը։