Արմինֆո. Henley & Partners ընկերությունը հուլիսի 7-ին թարմացրել է անձնագրերի ինդեքսը, որը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով վերլուծում է 200 պետությունների վիզային կանոնները եւ դրանք դասակարգում առանց վիզայի մոուտքի երկրների քանակով:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանների գլոբալ փակման փաստը չի ազդել վարկանիշի թվերի վրա, քանի որ գործող սահմանափակումները կապված չեն երկրների միջեւ առանց վիզայի տեղափոխման պաշտոնական համաձայնագրերի հետ: Սակայն, գործնականում, կորոնավիրուսը ազդել է մարդկանց տեղաշարժի եւ մի շարք անձնագրերի արժեքի վրա, որոնք, ըստ վարկանիշի տվյալների, համարվում են ազդեցիկ եւ անարգել ճանապարհորդությունների ձեւական հնարավորություն են տալիս:
Օրինակ ՝ ԱՄՆ անձնագիրը վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը՝ 185 երկրներում առանց վիզայի ճանապարհորդությունների պաշտոնական հնարավորությամբ։ Սակայն 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ եւ ԵՄ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների ՝ ԵՄ տարածք մուտք գործելու արգելքի կապակցությամբ, ԱՄՆ անձնագիրը կորցնում է (թեկուզև ժամանակավորապես) 27 երկիր և տեղափոխվում է 26-րդ տեղ՝ Մեքսիկայի հարևանությամբ։
Անձնագրերի վարկանիշը չի փոխվել 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատությամբ: Ճապոնիան շարունակում է պահպանել առաջին տեղն աշխարհի 191 երկիր անայցագիր մուտքի վարկանիշում եւ պահպանում է այն նաեւ իրականում՝ այն պատճառով, որ նրա քաղաքացիները կարող են ԵՄ մուտք գործել 2020 թվականի հուլիսի 1-ից: Առաջին տասնյակում շարունակում են մնալ ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան և այլն: Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան շարունակում են մնալ ինդեքսի ստորին հորիզոնականներում:
Ինդեքսում ռուսական անձնագրի դիրքը չի փոխվել ոչ ֆորմալ, ոչ էլ եմ սահմանափակումների պատճառով (50-րդ տեղը 118 անայցագիր ուղղություններով), փոխարենը Ուկրաինայի անձնագիրն առանց վիզայի ԵՄ-ին հասանելիությունը կորցրել է առնվազն մինչեւ 2020 թվականի հուլիսի 15-ը: 2017 թվականին Շենգենյան գոտի անայցագիր մուտք ստացած Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ տարածք մուտք գործել 2020 թվականի հուլիսի 1-ից, եւ իրենց դիրքերը չեն կորցրել:
Ըստ վարկանշային աղյուսակի՝ Հայաստանը նախկինի պես ինդեքսում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը՝ ՀՀ քաղաքացիների համար 63 պետություն այցելելու հնարավորությամբ։
Henley & Partners ընկերությունների խմբի նախագահ եւ անձնագրերի ինդեքսի հայեցակարգի հեղինակ Քրիստիան Կելինն ասում է, որ ԵՄ-ի վերջին որոշումը հեռուն գնացող հետեւանքներ կունենա: < Ինչպես արդեն տեսել ենք, համավարակի ազդեցությունը տեղաշարժի ազատության վրա ավելի արմատական էր եւ տեւական, քան նախապես ենթադրվում էր: Առաջիկա ամիսներին մենք կտեսնենք նոր գլոբալ անձնագրերի հիերարխիայի առաջացումը շարժունակության տեսանկյունից. այն երկրները, որոնք արդյունավետորեն հաղթահարել են համավարակը, կգլխավորեն վարկանիշը, եւ բոլորովին պարտադիր չէ, որ դրանք լինեն ինդեքսի համար ավանդական, արդյունաբերական առումով հհզոր երկրներ>: