Արմինֆո. Հուլիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը ՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բեկանել է Պողոս Պողոսյանի գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի դատավճիռը եւ գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան ՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ խոսքը 2001թ. սեպտեմբերի 25-ի գիշերը Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության գործի մասին է։ Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել "Առագաստ" ջազ-սրճարանում այն բանից հետո, երբ Պողոսյանն իրեն թույլ էր տվել բարեւել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ պատշաճ ձեւով. "Բարրեւ, Ռոբ": Ըստ ԶԼՄ-ների ՝ Պողոսյանն ու Քոչարյանը ծանոթ են եղել ուսանողական տարիներից։ Քոչարյանի թիկնապահները Պողոսյանին ծեծի էին ենթարկել զուգարանում։
Ինչպես արդեն հաղորդվել է, Երեւան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2001 թվականի որոշումը, ինչպես նաեւ Պողոս Պողոսյանի սպանության քրեական գործը, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի հայտարարությունը, որն այդ ճակատագրական օրը գտնվել է սրճարանում: ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել հանցավոր անփութությամբ անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ: Գործը քննելիս դատարանը հաստատել է այն փաստը, որ 25.09.2001 թ.ժամը 00:30-ի սահմաններում "Առագաստ" սրճարանի զուգարանում Հարությունյանի և ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող Պողոսյանի միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, որի ընթացքում Պողոսյանն ընկել էր մեջքին և գլխով հարվածել հատակին, ինչի հետևանքով մահացել էր գանգուղեղային փակ վնասվածքից: 2002թ.փետրվարի 21-ին դատարանը Աղամալ Հարությունյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը նույնիսկ պայմանականորեն չէր կիրառվել՝ կապված մեկ տարվա փորձաշրջանի հետ։
Մինչդեռ, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների միջոցով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտարարությունը պարունակում է էական տեղեկություններ այն մասին, որ իրականում տեղի է ունեցել խուլիգանական դրդումներով մի խումբ անձանց կողմից դիտավորյալ սպանություն: Այսպիսով, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտյալն ակնհայտորեն ավելի ծանր հանցագործություն է կատարել ՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում։