Արմինֆո. Անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։
Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում:
«Դրան զուգահեռ` մենք շատ էական և սկզբունքային հարց ունենք, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը, և որը վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց։ Այս բոլոր երեք ուղղություններով ունեցել ենք բավական ակտիվ աշխատանք համանախագահների և ադրբեջանական կողմի հետ։ Վերջին մեր հանդիպումը կայացավ 2020թ. հունվարին Ժնևում և այդ հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքներն այս շրջանում և նախանշում մեր հաջորդ քայլերը, որոնք ինչ-որ չափով վնասվեցին այս համավարակի պատճառով։ Սակայն մեր մշտական կապը համանախագահների հետ մնում է անխափան, և մյուս կողմից մենք կարողացանք անցկացնել երկու տեսակոնֆերանս և՛ համանախագահների, և՛ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը շատ էական էր այն առումով, որ կապը պահպանվում է: Մենք մշտապես մնում ենք կապի մեջ և աշխատում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնց հիմա հնարավոր է անդրադառնալ», - նշել է արտգործնախարարը։
Անդրադառնալով վերջին տեսակոնֆերանսին՝ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. «Այս շրջանում, բնականաբար, մենք անդրադարձանք մեր կողմից բավական զգայուն մեկ հարցի. այն արտահայտվում է թշնամական հռետորաբանության շատ տեսանելի մակարդակով, որը մենք տեսանք այս վերջին շրջանում։ Դա, բնականաբար, չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշումների, մոտեցումների վրա, սակայն դա բացասական ազդեցություն է ունենում միջավայրի վրա, որի շրջանակներում մենք իրականացնում ենք այս խաղաղ գործընթացը։ Անհնար է պատկերացնել, որ նման թշնամության սերմացման, տարածման պայմաններում հնարավոր է գործնական և արդյունավետ ձևով իրականացնել կարևորագույն գործառույթը, որը վերաբերում է խաղաղ գործընթացին»։
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմաշունչ հայտարարություններին, մասնաավորապես, այն մասին, որ հիմա Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հարցի ուժային լուծմանը, Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Սա արտահայտում է հռետորաբանությունը, և մենք անդրադարձել ենք այս հարցին։ Հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։ Մեզ համար առանցքային է մնում մեկ բան․ 1994 թ․ զինադադարի և զիդադարի պայմանագրի պահպանումը մնում են կարևորագույն պահանջներից մեկն այս գործընթացում։ Սա շահագրգռվածություն է բոլոր կողմերի համար։ Կրկին հստակ լինենք, որ հայկական կողմերն առավել քան պատրաստ են պաշտպանելու և պաշտպանվելու, բայց զինադադարն անհրաժեշտ պայման է՝ խաղաղ գործընթացի շրջանակներում արդյունավետորեն առաջ շարժվելու համար։ Հայկական կողմերը նույնպես պատրաստ են և ամբողջ ներուժով իրենց աշխատանքները իրականացնում են պաշտպանությունը ամրապնդելու առումով: Սա շարունակական ու մշտական գործընթաց է և մեզ հնարավորություն ու վստահություն է տալիս պնդելու, որ զինադադարը բոլորի շահագրգռվածությունն է, ոչ թե միայն մեզ, այլ բոլորի համար։ Սա պատասխանատվության հարց է, և միայն նման պայմաններում է հնարավոր ակնկալել ռեալ արդյունավետ առաջխաղացում գործընթացում։ Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է»։