Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականին արտաքին օգնություն տրամադրելու հարցի առնչությամբ (FY2021 Foreign Aid Bills): Այդ մասին Մարուքյանը հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։ Մասնավորապես, կարևորելով Արցախում "HALO Trust"-ի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվող ականզերծման աշխատանքների շարունակականությունը՝ իմ կողմից շեշտադրվել է այդ աշխատանքների նշանակությունը հակամարտության գոտում քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու առումով։ Այս աշխատանքները երաշխավորում են տասնյակ հազարավոր անձանց անվտանգությունն Արցախում։ Մասնավորապես, սկսած 2000 թվականից Արցախում ականազերծվել է մոտավորապես 500 ականապատ տարածք։ Այս աշխատանքները նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման առումով մեծ նշանակություն ունեն։ Հայ-ամերիկյան բարեկամությունն ապացուցել է իր ուժը՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու հարցում։
Ինչպես ասում էր Վիլյամ Ֆուլբրայթը, ուժեղ օրենսդրի ամենամեծ արժանիքն այն չէ, թե նա ինչ կարող է անել, այլ այն, թե նա ինչը կարող է կանխել», - գրել է Մարուքյանը։
Նշենք, որ 2020 թվականի մարտին ԱՄՆ 23 նահանգներից 75 կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի արտաքին գործառնությունների ենթակոմիտեին ՝ առաջարկելով Հայաստանին 100 մլն դոլար տրամադրել տնտեսությանն աջակցելու, անվտանգության ապահովման եւ օրենքի գերակայության հաստատման համար: Կոնգրեսականներն առաջարկել են եւս 1,5 մլն դոլար ուղղորդել որպես աջակցություն Արցախին՝ տարածքների ականազերծման եւ ականներից տուժածների վերականգնման համար: Կոնգրեսականները նաև կոչ են արել ենթահանձնաժողովին դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ՝ որպես Հայաստանին և Արցախին ագրեսիայի ենթարկող երկիր: