Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Վանաձորում կառուցվելու է ինֆեկցիոն բաժանմունք։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վանաձորի ԲԿ այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ», - գրել է նախարարը:
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է ՝ 8,513 մլրդ դոլար ծավալով, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից՝ բացասական ճգնաժամային հետեւանքների հաղթահարման, երկարաժամկետ կայունության ապահովման եւ հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով:
Հավելենք, որ ավելի վաղ Թորոսյանը հաղորդել էր, որ առաջիկայում Համաշխարհային բանկի աջակցությամբ կսկսվի Մարտունու բժշկական կենտրոնի շինարարությունը: Նախատեսվում է նաեւ մրցույթ հայտարարել Վայոց ձորի մարզում բժշկական կենտրոնի կառուցման համար։ Ընդ որում, երկու հիվանդանոցները կհամապատասխանեն միջազգային բոլոր չափանիշներին։