Արմինֆո.Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է կորոնավիրուսից մահացած կնոջ կորած դիակի հետ կապված իրավիճակը:
Նշենք, որ այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ իրեն գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմել է, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:
Facebook-ի իր էջում Նիկողոսյանը, մասնավորապես, գրել է. <Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:
Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:
Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն>: