Արմինֆո. Այսօր Գերմանիան ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան մամուլի ծառայությունից, ԵՄ խորհրդի նախագահության ընթացքում Գերմանիան, մասնավորապես, «լծվելու է Կովիդ-19-ի համավարակի և դրա հետևանքների անհետաձգելի հաղթահարմանը, միաժամանակ բարձր առաջնահերթություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսին եվրոպական համերաշխությունը, կլիմայի փոփոխությունը և թվային զարգացումն են»: Եվրամիության խորհրդի գերմանական նախագահության քաղաքական և մշակութային բոլոր ձեռնարկների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է քաղել սույն հղումից. https://www.eu2020.de/eu2020-en, հայերեն տեղեկություններ կաաաաարելի է գտնել eriwan.diplo.de/2361202 հղումով:
Հիշեցնենք, որ Գերմանիան ԵՄ Խորհրդում նախագահությունը 13-րդ անգամ է ստանձնում։ Վերջին անգամ դաշնային կառավարությունը խորհուրդը գլխավորել է 2007 թվականի առաջին կեսին։ Եվրոպական միության խորհուրդը, որը նաեւ հայտնի է որպես նախարարների խորհուրդ, Եվրոպական խորհրդարանի հետ միասին քննարկում է օրենսդրությունը եւ համակարգում է 27 երկրների քաղաքականությունը: 2020 թվականի հուլիսի 1-ին Եվրոպական միության խորհրդում նախագահությունը Խորվաթիայից անցնում է Գերմանիային (մինչև 2020 թվականի վերջը) ։ 2021 թվականի հունվարի 1-ին Դաշնային կառավարությանը փոխարինելու կգա Պորտուգալիան։ Չպետք է շփոթել Եվրոպական միության խորհուրդը Եվրոպական խորհրդի հետ։ Եվրոպական խորհուրդը սահմանում է ԵՄ ընդհանուր քաղաքական նպատակներն ու առաջնահերթությունները։