Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության վիզաների ծառայությունը 2020թ-ի հունիսի 30-ից աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը:
Դեսպանատան տարածած հաղորդման համաձայն, սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար. ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:
«Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում։ Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց`FRANCE-VISAS կայքում: Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:
Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում Attestation de déplacement et de voyage ստուգել, թե արդյոք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա», - ասվում է հաղորդագրությունում: