Արմինֆո. Հունիսի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի կոնյակի գործարանի անվտանգության ծառայության աշխատակցից` գործարանի տարածքի շենքերից մեկի պատուհանի խորշում գտնվող բնից բազեի ձագերի (4 հատ) ընկնելու վերաբերյալ:
Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը «սովորական հողմավար բազե» տեսակի են, որոնց ծնողներն արդեն մի քանի օր է չեն վերադառնում բույն: Ձագերի անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցը նրանց տեղափոխել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ, կարանտինի և վերականգման համար: Թռչունները վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն:
Հավելենք, որ ավելի վաղ բնապահպաններն ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ Երևանում, կորոնավիրուսի պատճառով իրականացվող կարանտինային միջոցառումների հետ կապված, տրանսպորտային հոսքի նվազեցումից հետո, սկսել են արձանագրվել թռչունների հազվագյուտ տեսակների, այդ թվում ՝ գիշատիչների վերադարձի դեպքեր: Բացի այդ, քաղաքի կենտրոնում հայտնվել են սկյուռիկներ, որոնք չեն նկատվել վերջին տասնամյակների ընթացքում։