Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի առնչությամբ:
Հունիսի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապետը տեղեկացրել է, որ պարետատան վերջին նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակներ: Առաջարկվող սցենարների թվում են համատարած սահմանափակումների, պարետային ժամի կամ տնտեսական գործունեության որոշ տեսակների ամբողջական կամ մասնակի արգելքի սահմանումը: Փաշինյանը ննաեւ նշել է, որ ինքը կողմ չէ այդ միջոցառումներին, քանի որ հավատում է քաղաքացիների գիտակցությանը եւ COVID-19-ի վերաբերյալ անվտանգության միջոցների պահպանմանը: Կառավարության ղեկավարը խոստովանել է, որ զարմացած է եղել, իմանալով, որ Հայաստանում կա ընդհատակյա կյանք՝ ընդհատակյա հարսանիքներ, վերջին զանգեր և այլ միջոցառումներ։ Դա նշանակում է, որ դրանք կարող են շարունակվել նաեւ միջոցառումների հերթական խստացման դեպքում։
Ըստ Փաշինյանի, գլխավոր խնդիրը առողջապահական համակարգին աջակցելն է, որն աշխատում է բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ջանքեր չի խնայի բուժհաստատություններում համապատասխան հզորությունները ավելացնելու ուղղությամբ, սակայն երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցություն ցուցաբերի եւ հստակ կատարի հակահամաճարակային կանոնները: Նա վստահություն է հայտնել, որ այս քայլը թույլ կտա խուսափել COVID-19-ին առնչվող իրավիճակի բացասական զարգացումից ։ Առանց քաղաքացիների կողմից անվտանգության միջոցառումների կատարման, ինչպես ընդգծել է վարչապետը, անհնար կլինի կայունություն ապահովել միջպետական սահմանների բացման դեպքում։
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ համընդհանուր հակահամաճարակային շարժումը շարունակվելու է, իսկ սոցցանցերում խախտումների դեպքերի հրապարակումն արդեն որոշակի արդյունք է տալիս: Վարչապետը պարզաբանել է նաև վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի և առողջացած հիվանդների թվի միջև արձանագրված վիթխարի տարբերությունը: Նրա խոսքով ՝ այսուհետ COVID-19-ից բուժված քաղաքացիների վիճակագրությունում ընդգրկվում են միայն ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքեր, որոնց բուժման համար անհրաժեշտ է եղել հոսպիտալացում: Անախտանիշ հիվանդները, ովքեր գտնվում են տնային ինքնամեկուսացման մեջ եւ, ըստ էության, բուժում չեն ստանում, այս վիճակագրությունը այլեւս չի ներառում: Փաշինյանը նաեւ հաղորդել է, որ որոշ գնահատականներով, կորոնավիրուսով հիվանդացության գագաթնակետը Հայաստանում սպասվում է հունիսի վերջին, սակայն այդ կանխատեսումները գիտականորեն հիմնավորված չեն՝ հաշվի առնելով COVID-19-ի վերաբերյալ աշխարհում տիրող անորոշությունը:
Իր հերթին՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման բյուրոյի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացվել է 22 հազար ստուգում, որոնց արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Միայն հունիսի 5-ի տվյալներով 796 ստուգումների արդյունքում ժամանակավորապես արգելվել է 220 տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը։ Նա նաեւ հաղորդել է, որ դիտարկումն ընդգրկում է նաեւ պետական հաստատությունները, եւ դրա արդյունքներով, մասնավորապես, դադարեցվել է Կառավարական թիվ 1 եւ թիվ 3 շենքերում գործող հանրային սննդի կետերի գործունեությունը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք, ապաքինվել է 3513 մարդ, մահացել է՝ 183-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 հիվանդ: