Արմինֆո.Կառավարությանը մեղադրել այն բանում, որ սկզբում նրա ներկայացուցիչները հակասական հայտարարություններ են արել, արդարացի չէ։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը։
ԱԺ փոխնախագահն ասել է, որ, նախ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կատակել է այդ թեմայով, իսկ հիմա ընդհանրապես չի այցելում խորհրդարանի նիստերի դահլիճ: "Հիմա բոլորս հայտնվել ենք մեզ համար բոլորովին նոր և անսովոր իրավիճակում։ Այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային համակարգը։ Եվ հայտնի չէ, թե ինչ իրավիճակում կլիներ Հայաստանը, եթե առողջապահության նախարար լիներ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը։ Արդարացի չէ ասել, որ իշխանությունը փորձում է մեղքը բարդել երկրի քաղաքացիների վրա։ Բայց պետք է խոստովանել, որ մեր քաղաքացիներն այնքան օրինապաշտ չեն, որքան, օրինակ, գերմանացիները", - ընդգծել է նա։ Սիմոնյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է իր օրինակով ցույց տա քաղաքացիներին, թե ինչպես պետք է իրեն պահել այս իրավիճակում։ "Մենք չպետք է ժողովրդից մեզ տարանջատենք եւ մեզնից երկրի քաղաքացիներին պաշտպաանենք",-ընդգծել է փոխխոսնակը:
"Բարգավաճ Հայաստան" խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իր հերթին, նշել է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի շարք կարեւոր հայտարարություններ է արել, որոնց կառավարությունը չի արձագանքել: "Գագիկ Ծառուկյանը այս տարվա մարտին զգուշացրել էր, որ պետք է փակել Իրանի հետ սահմանը։ Եվ այդ հայտարարությանը ոչ մի արձագանք չի եղել։ Ավելին, ԲՀԿ ղեկավարը զգուշացնում էր, որ կարող է սկսվել տնտեսական ճգնաժամ, և կրկին ոչ մի արձագանք", - նշել է պատգամավորը։ Աբովյանի խոսքով ՝ նման մոտեցման հետեւանքն այն է, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը օրական ավելանում է 500-ով: "Այսօր երկրում ստեղծվել է և խայտառակ տնտեսական իրավիճակ, և իշխանությունները գիտեն այդ մասին։ Մեզ մոտ սարսափելի իրավիճակ է նաև սոցիալական առումով։ Այո, ես էլ եմ կարծում, որ չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել քաղաքացիների վրա։ Իսկ այդ դեպքում ինչու է մեզ հարկավոր կառավարությունը։ Այսօր տեղի ունեցող իրադարձությունները շատ վտանգավոր են, և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլորս կարողանանք դուրս գալ այս անդունդից", - եզրափակել է պատգամավորը։